Ադրբեջանում ոգևորված են. Պուտինն Ալիևին ասել է՝ «Eid Mubarak»

Ադրբեջանական լրատվամիջոցները բուռն ոգևորությամբ են ընդունել  այն հանգամանքը, որ ՌԴ֊ում կայացած Պուտին֊Ալիև երկկողմ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջաներեն է ողջունել Ալիևին։ Մամուլը «տոնում է»՝ դա մեկնաբանելով Ադրբեջանի շահերը սպասարկող հռետորաբանությամբ․ «Առաջին արտահայտությունը, որ Պուտինը արտասանեց Ալիևի հետ հանդիպմանը, «Eid Mubarak!» Էր: Հաջորդիվ  Ռուսաստանի նախագահը հիշեց, որ գալիք տարի Ադրբեջանի և Ռուսաստանի դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանն է։ Ընդհանուր առմամբ, դա արդեն բավական է նախագահի վերաբերմունքը բնութագրելու համար»,֊գրում է Haqqin-ը։

«Այս հանդիպումը առաջինն է երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, որտեղ ակնհայտորեն առաջին պլան մղվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջին Պուտինի հանձնարարականով՝ Բաքու կայցելի Ռուսաստանի արտահանողների մեծ պատվիրակություն՝ Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի փոխնախարար Դմիտրի Վոլվաչի գլխավորությամբ»,֊գրում է պարբերականը:

Հոդվածի հեղինակը հպարտությամբ հայտնում է, որ այցը կարող է հստակեցնել ռուսական ընկերությունների շահերը Հայաստանից զավթված տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցման ոլորտում:  Նշվում է, որ ըստ Ադրբեջանում Ռուսաստանի առևտրի ներկայացուցչի՝ հայտեր կան երկրաբանական հետախուզության, ճանապարհների նախագծման և շինարարության ոլորտներում գործող ընկերությունների, էլեկտրատեխնիկայի, ինչպես նաև  ԱՊՀ տարածքում արևային կայաններ կառուցող ռուսական Hevel խմբի՝ Լեռնային Ղարաբաղի «կանաչ սերունդ» ծրագրին մասնակցությամն մեջ շահագրգռվածության մասին: