Հրապարակվել է 2021 թվականի ամենաթանկարժեք բրենդների ցանկը. Amazon-ը կրկին ամենաթանկարժեքն է՝ մոտ 684 մլրդ դոլար

Ամերիկյան Amazon ըկերությունը 2021 թվականին ևս շարունակում է մնալ ամենաթանկարժեք ապրանքանիշը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` մեջբերելով Kantar խորհրդատվական կազմակերպության BrandZ վարկանշային ցանկի տվյալները:

Ընդգծվում է, որ Ջեֆ Բեզոսի ընկերության արժեքը 2020 թվականին ավելացել է 64 տոկոսով և կազմել 683,85 մլրդ դոլար:

Երկրորդ տեղում Apple ընկերությունն է, որը 74 տոկոսի աճ է ցույց տվել, իսկ ապրանքանիշի արժեքը հասել է 612 մլրդ դոլարի:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Google որոնողական հսկան` 458 մլրդ դոլար արժեքով:

Microsoft ընկերությունն իջել է 4-րդ հորիզոնական (410,27 մլրդ դոլար): Առաջատար հնգյակը եզրափակում է Tencent չինական ընկերությունը` 240, 93 մլրդ դոլար արժեքով:

Ամենաթանկարժեք ապրանքանիշերի առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Facebook, Alibaba, Visa, McDonald’s և Mastercard ընկերությունները:

Ամերիկյան ապրանքանիշերին բաժին է ընկնում 100 ընկերությունից 56-ը: Ընկերությունների թվով երկրորդ տեղում է Չինաստանը:

Նշվում է, որ 100 լավագույն ընկերությունների արժեքը մեկ տարում ավելացել է ռեկորդային 42 տոկոսով, ինչն ավելի քան 4 անգամ գերազանցում է աճի միջին տեմպերը վերջին 15 տարում: Ամենից արագ աճի տեմպեր գրանցած ընկերությունը դարձել է Tesla-ն, որի արժեքը մեկ տարում ավելացել է 275 տոկոսով: