Լուկաշենկոն ուկրաինացիներին, լիտվացիներին ու լեհերին կոչ է արել սթափվել և «իրենց խելագարված քաղաքական գործիչների դեմ քայլեր ձեռնարկել»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին հարևան երկրների ժողովուրդներին կոչ է արել սթափվել և գլուխ հանել իրենց՝ «խելագարված և իրականության զգացողությունը կորցրած» քաղաքական գործիչներից, գրում է ria.ru-ն։

«Պատժամիջոցներ, սադրանքներ … մի հարց ունեմ․ դուք դա հատո՞ւկ եք անում, փորձո՞ւմ եք ստուգել մեր սահմանների ամրությունը, մեր նոր սերնդի հայրենասիրությո՞ւնը։ Մի՞թե պատմությունը ձեզ ոչինչ չի սովորեցրել։ Ինչպես 80 տարի առաջ, տարածաշրջանը գտնվում է գլոբալ հակամարտության եզրին։ Ես առաջին հերթին դիմում եմ մեր հարևան երկրների ժողովուրդներին՝ լեհերին, լիտվացիներին, ուկրաինացիներին. արթնացե՛ք, քանի դեռ ուշ չէ, գլուխ հանեք ձեր քաղաքական գործիչներից, որոնք խելագարվել են և կորցրել են իրականության զգացողությունը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ «իրենք տասնամյակներ շարունակ այդ ժողովուրդների հետ ապրել են հարևանաբար»։

«Մի՞թե ուկրաինացիների, լիտվացիների ու լեհերի շրջանում, որոնց բելառուսները միշտ բարեկամական են վերաբերվել, կգտնվեն այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց խաղաղ կյանքը հանուն այդ պետությունների առանձին ղեկավարների, քաղաքական գործիչների խելահեղության ու ամբիցիաների, որոնք, իրականում, թքած ունեն մեր ժողովրդի ու իրենց ժողովուրդների, նրանց ճակատագրի ու պետականության, մեր բելառուսական պետականության վրա»,- ասել է Լուկաշենկոն։