Էջմիածնում փորձել են խեղդել տաքսու վարորդին, հափշտակել են փողերն ու հեռախոսը․ կասկածյալները ձերբակալվել են (տեսանյութ)

Հունիսի 13-ին Էջմիածին քաղաքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողը, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր դիմել, տաքսու վարորդ էր։ Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։

Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին փողերը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։

Ավազակության փաստով Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Վարորդը մոտավոր նկարագրել էր ուղևորների արտաքին տվյալները։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինեն նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված՝ 32 և 35 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Էջմիածնի բնակիչ։

Հաղորդումից ժամեր անց կասկածյալները Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նրանք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։