Էրդողանը Շուշիում հայտարարել է՝ «Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանն այլևս նման ողբերգություն չվերապրեն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում հայտարարել է, որ «Վեցյակի հարթակը» կարող է «խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում», փոխանցում է minval.az-ը։

«Մենք ցանկանում ենք, որ «Վեցյակի հարթակը» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) տարածաշրջանը դարձնի խաղաղ համակեցության վայր։ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանն այլևս նման ողբերգություն չվերապրեն»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շուշիում հայտարարել է Էրդողանը։

Վերջինս նաև հայտարարել է՝ «այդ ուղղությամբ Ալիևի հետ պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը»։

«Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար նման ջանքեր պատրաստ է գործադրել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ  փաստաթղթերի ստորագրման արարողություն, մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին»,- բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info