Մակրոնին ապտակած Ֆրանսիացին 4 ամիս կանցկացնի բանտում

Ֆրանսիայում 28-ամյա Դամիեն Տարելը, որը հունիսի 8-ին հարվածել էր նախագահ Էմմանուել Մակրոնի դեմքին, դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, հայտարարել է Հանրապետության դատախազ Ալեքս Պերինը: Այս մասին գրում է Le Figaro-ն:

Ընդհանուր առմամբ, Տարելը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման, բայց նրանցից 14 ամիսը կասեցված է, հայտնում է BFMTV- ն: Եթե ազատ արձակվելուց հետո և 2 տարվա ընթացքում նա աշխատի կամ սովորի, հոգեբանի հսկողության տակ կլինի և նոր խախտումներ չկատարի, ապա նրան բանտ չեն վերադարձնի:

Բացի այդ, նրան 5 տարով արգելել են զենք վերցնել ձեռքը կամ պահել այն, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնել 3 տարվա ընթացքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մակրոնը Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ընթացքում ապտակ էր ստացել մի տղամարդուց։ Միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել երկու անձ:

Համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի`Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Այնուհետև իրավիճակին միջամտում են թիկապահները, որոնք նախագահին հեռացնում են, իսկ տղամարդուն`բռնում: