ՔՊ թեկնածուն մի քանի անգամ բնակարան է ստացել, բայց էլի է ուզում. Ով է նա

«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ հրապարակել էինք ՔՊ ընտրական ցուցակի 126-րդ համար Աննա Սահակյանից մի տեսանյութ, որում նա ծաղրում է նախկին իշխանություններին, լրագրողներին և այլն։ Այս տեսանյութի հրապարակումից հետո, մեզ Սահակյանի մասին մի քանի ուշագրավ բաներ պատմեցին։ Մասնավորապես այն, որ նա, որպես աղետի գոտու տուժած, մի քանի անգամ բնակարան է ստացել, բայց շարունակում է դիմումներ ուղարկել Սպիտակի համայնքապետարան և նոր բնակարան ուզել, այն դեպքում, երբ աղետի գոտու շատ բնակիչներ դեռ բնակարաններ չեն ստացել։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանից, նա նշեց, որ դիմումներ ստանում են, սակայն ավելի մանրամասն տեղեկատվության համար խնդրեց դիմել Սպիտակի քաղաքապետարան։ Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին հետևյալը․

«Այո, դիմումներ է ներկայացնում համայնքի ղեկավարին, և իրեն սահմանված կարգով պատասխանվել է։ Ներկա պահին իր հիմնավորումն այն է, որ վարձով է բնակվում, բայց ինքը ժամանակին և՛ իր հորական ընտանիքի հետ է բնակարան ստացել, և՛ եղբոր ընտանիքի հետ է բնակարան ստացել առանձին, բացի այդ էլ իր ամուսինն է ստացել բնակարան, իր երեխաներն էլ հանդիսանում են ժառանգ, իր ամուսինը մահացած է, բայց ինքը էլի բնակարան է ուզում, քանի որ ինքն այս պահին վարձով է բնակվում։ Ներկա պահին համատեղ սեփականության իրավունքով իրեն բնակարան է պատկանում՝ իր եղբոր ընտանիքի հետ։ Մոտ 2-3 անգամ հաստատ ինքը դիմում ուղարկել է, մարզպետարան էլ է դիմել, վարչապետին էլ է դիմել, մենք նույն պատասխանն ենք իրեն ասել»,- ասացին քաղաքապետարանից»։