Ուկրաինայում Ռուսաստանից փոխհատուցում են պահանջել

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է երկրի արտաքին գործունեության ռազմավարությունը մինչև 2024 թվականը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք շատ ենք աշխատել այլ հաստատությունների, փորձագետների և հասարակության հետ: Սա Ուկրաինայի արտաքին քաղաքականության այս մակարդակի առաջին ռազմավարական փաստաթուղթն է»,-գրել է նախարարը իր թվիթերյան էջում:

Ռազմավարությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում: Առանձին բաժին նվիրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Փաստաթղթի համաձայն, Կիևը մտադիր է մեծացնել Մոսկվայի վրա ճնշումն ու նրա զսպումը, որպեսզի «վերջ դնի Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը» և «վերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» «լայն միջազգային կոալիցիայի» աջակցությամբ:

Առանձին տեղ է զբաղեցնում կետը, որը նշանակված է որպես «տարածքների ժամանակավոր օկուպացման հետևանքով Ուկրաինային պատճառված վնասի հատուցման և այլ ձևերով հատուցումների իրականացում»:

Ավելի վաղ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանների շարքում նշել էր, որ Մոսկվան պետք է փոխհատուցումներ վճարի Ղրիմը Կիևին «վերադարձնելուց» և Դոնբասից «դուրս գալուց» հետո: