Փաշինյանն այդպես էլ չդարձավ երկրի ղեկավար, նա ոչ թե ամբողջ ժողովրդի, այլ միայն իր կողմնակիցների անունից է խոսում. Ռոբերտ Հարությունյան (տեսանյութ)

Այս ընտրություններն ԱԺ-ի հերթական ընտրություններ չեն, մենք որոշելու ենք Հայաստանի հետագա բախտը, Հայաստանի լինել-չլինելու հարցը. սա սահմանադրական ճանապարհով իշխանությունից ձերբազատվելու հնարավորություն է, թեև երկիրը բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ ունի, և քարոզարշավ անելն անհասկանալի է, բայց միևնույն է՝ տարբերակ է ազատվելու ապիկար իշխանություններից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը:

«Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավը չունի որևէ բովանդակություն, 2018-ից այս կողմ նրա նպատակը եղել է անբովանդակ հանրային կյանքը, և հիմնական խոսքը, ինչպես երեք տարի առաջ էր, նախկինների մասին է։ Փաշինյանին տեղերում դիմավորող ժողովուրդն այսպես կոչված քաղաքացիական հասարակության կողմից նախկինների դեմ թունավորված մարդիկ են, բայց նրանք մեծամասնություն չեն։ Մենք ունենք ազդակներ, որ հանրության մեծամասնությունն սթափվել է, նրանք հասկանում են, որ խնդիրը Հայաստանը փրկելն է, և ընդդիմությունը պետք է փորձի այս ընտրարշավում բացատրել աղետի մասշտաբը»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հարությունյանի՝ յուրաքանչյուր ընդդիմադիր դաշինք և կուսակցություն պետք է ընտրողներին բացատրի պայքարի նպատակը, իսկ դա մղձավանջից և աղետից դուրս գալն է, ոչ թե մանդատավազքը. «Մենք փորձում ենք բացատրել մեր պատկերացումներն անվտանգության հարցում, նույնիսկ Փաշինյանին ոգևորությամբ դիմավորող գյուղերը վաղը նույն խնդիրն են ունենալու։ Մենք միշտ տուժել ենք, երբ Հայաստանի տարբեր հատվածներ սկսել են միայն սեփական հոգսերի մասին մտածել։ Երևանում մարդիկ միգուցե քաղաքականապես ակտիվ չեն, բայց հասկանում են իրավիճակի լրջությունը։ Ընդդիմությունը պետք է բացատրի, որ եթե չես գնում ընտրության, ուրեմն քեզ հետաքրքիր չէ Հայաստանի ապագան, իսկ այդ ապագան վտանգված է»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչ պետություն ենք ուզում կառուցել՝ սահմանադրակա՞ն, թե՞ ոչ սահմանադրական ճանապարհով իշխանություն փոխելու հնարավորությամբ. «Փողոց դուրս եկած ժողովուրդն, այո՛, այլ բան էր սպասում, բայց քաղաքական գործիչների պատասխանատվության զգացումը ենթադրում է, որ չվնասես հասարակական կյանքին։ Փաշինյանն այդպես էլ չդարձավ երկրի ղեկավար, նա ոչ թե ամբողջ ժողովրդի, այլ միայն իր կողմնակիցների անունից է խոսում, նա ոչ թե համերաշխություն է բերել, այլ բաժանել է հասարակությանը, կիսել և թշնամացրել, մարդիկ իրար նկատմամբ թույն են շնչում, միայն դա արդեն դավաճանություն է»:

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամի պնդմամբ՝ ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Արա Այվազյանի համար միգուցե ժամանակն է պետական գաղտնիքը դնելու մի կողմ և բացեիբաց ասելու, թե ինչն է նրանց մղել հրաժարական տալու: «Արա Այվազյանն իր քայլով փորձեց կանխել Փաշինյանի կողմից հերթական փաստաթղթի ստորագրումը, այլապես ամբողջ պատասխանատվությունն ընկնելու էր իր վրա։ ԱԳ նախարարությունը նույնիսկ տեղյակ չէր՝ ինչ է մշակվում, մինչդեռ պետք է վարչապետին ներկայացներ այն բոլոր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ կոնկրետ փաստաթղթի ստորագրման դեպքում»,- ամփոփել է Ռոբերտ Հարությունյանը:
Դավիթ Սարգսյան