Հայ ժողովրդի փրկությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, երեք տարի առաջ շատերը սխալվեցին՝ նրան ընտրելով, բայց երկրորդ անգամ սխալվելու՝ Փաշինյանին դարձյալ ընտրելու դեպքում մենք իրավունք ունենք այդ անձանց վիրավորելու. Փաշինյանն ստորագրել է չորս փաստաթուղթ, որոնցից երկուսն ի կատար են արված, ևս երկուսն ընթացքի մեջ են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, Սյունիքում մենք հողեր ենք զիջելու նոր փաստաթղթերով: Տիգրանաշենը դեռևս չի հանձնել, բայց նրա ընտրվելու դեպքում այլևս Վայոց ձոր չեք կարող գնալ: Ադրբեջանցիները մեզ ոչինչ չեն վերադարձնելու, Փաշինյանը կասի՝ Արծվաշենը դժգույն գյուղ է: Այս մասին գիտի նաև Արմեն Սարգսյանը: Գործընթացը կանգնեցնելու միակ ձևն այն է, որ իշխանության գա ոչ Նիկոլը, հունիսի 20-ին պետք է ընտրել ոչ Նիկոլին»,- ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Բագրատյանի՝ Գեղարքունիքում թշնամին մեր թիկունքում խորացել է մինչև 18 կմ. «Այս վիժվածքից պրծնելու այլ ճար չունենք, պետք է ընտրությունների գնալ: Այս պատերազմում մենք հաղթում էինք, Փաշինյանը չթողեց, որ հաղթենք, 18 հազար ադրբեջանցու ենք ոչնչացրել: Մեր զոհերի թիվն առանց անհետ կորածների ավելի քան յոթ հազար է: Մեր սառնարաններում պահվող մարմինների մեջ ադրբեջանցիների դիակներ էլ կան: Այն մարդը, որը երկրորդ անգամ ընտրում է Փաշինյանին, հիմար է: Նրանք, ովքեր ծափահարում են իրեն, թող իմանան՝ շատ վատ է լինելու»:
Նախկին վարչապետի կարծիքով՝ Փաշինյանը հանձնել է Շուշին, կայացրել մի շարք անհաշվենկատ որոշումներ, օրինակ՝ Վարազաթումբը գրավելու գործողությունը, որի հետևանքով մոտ 700 զինծառայող է զոհվել. «Մեր զինծառայողները պաշտպանում էին Փաշինյանի տղային, որը 20 կմ թիկունքում էր՝ հատուկ պաշտպանության տակ: Այս արկածախնդրությունից հետո ջախջախվեց հարավային ճակատը: Ռուսներն առաջարկում էին Շուշին և Հադրութը թողնել մեզ, մենք չէինք պատկերացնում՝ ինչ խայտառակ վիճակ է հարավային ճակատում: Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվել էր, որ նա Ջրականի ուղղությամբ գա, մյուս ուղղություններով մերոնք կռվեցին»:
Հրանտ Բագրատյանի պնդմամբ՝ հունիսի 20-ից հետո պետք է պատասխան տան գլխավոր դատախազը, իրավապահ համակարգի և Զինված ուժերի վերնախավը: «Արտակ Դավթյանը քանդեց մի շարք զորամասեր, Վաղարշակ Հարությունյանն օպտիմիզացնում է բանակը, Արշակ Կարապետյանը, որն ապրիլյանից հետո վռնդվեց բանակից, ղեկավար պաշտոնի է: Ձեր տղաները կոտորվել են, ամեն մեկիդ 5 մլն դրամ է տալիս, դա էլ երբեմն չի տալիս: Ընտանիքներ կան, որ չգիտեին՝ ինչ է 5 մլն-ը, դրա համար որոշ զոհերի հարազատներ պաշտպանում են Փաշինյանին: Փաշինյանն ուզում է տանել քաղաքացիական բախումների, եթե նա պարտվի, տանելու է դրան, ասում է՝ ընտրեք ինձ՝ հողերը կտամ, միջանցքները կբացվեն, չընտրեք՝ կտանեմ բախումների: Եթե հաղթի, պետությունը չի լինելու: Դարձել ենք Աբխազիա, ուզում էինք Արցախից պետություն դարձնել, այն կորցրինք, Հայաստանն էլ դառնում է Աբխազիա»,- ամփոփել է Հրանտ Բագրատյանը:
