Ինձ համար ապշեցուցիչ բան է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է արժանապատիվ խաղաղությունից։ Այս մասին այսօր ՀԱԿ ծրագրի շնորհանդեսին ասաց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Դահլիճից հնչեց, որ դա հենց իր խոսքերն է վերցրել։ «Լավ է արել, ես իմ խոսքերը ձրի եմ տալիս, բայց երբ ես արտասանեցի, անմիջական արձագանքն այն է, որ Լևոնը հողերը տալիս է։ Հիմա խոսում է արժանապատիվ խաղաղության մասին, կապիտուլյացիայից հետո սա լավագույն դեպքում կլինի ոչ թե արժանապատիվ խաղաղություն, այլ արժանապատիվ կապիտուլյացիա, ուրիշ ոչինչ»,–ասաց նա։
Լևոն Տեր–Պետրոսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի կառուցած երկիրը արդեն տեսել են, նրանք երկուսն էլ ունեն շատ համակիրներ, քանի որ նրանց համակիրները մեկ Քոչարյանով են մարդ դարձել, հարստության, պաշտոնների, մյուս մասն էլ Փաշինյանի և նրանք հանուն անձնական նպատակների կգնան ամեն ինչի, իհարկե, նաև ճամբարափոխ կլինեն։
Առաջին նախագահը նշեց, որ դեռ նախկինում է ասել, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի և ասելով, թե մի երկիր մեզ կօգնի, սա նշանակում է, որ մեր օրերի դառը փորձից չենք ուզում դասեր քաղել և մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ։
«Հիմա ամենացավալին այն է, որ այսօրվա սերնդի օրոք մենք դաս չքաղենք։ Նույն սերնդի ընթացքում, եթե կրկնենք նույն սխալը, կդառնանք աշխարհի համար ամենախղճահարության արժանի պետությունը կամ ազգը, ամենաարհամարհվածը»,–ասաց նա։
Նա նշեց, որ իրենց քարոզարշավը պետք է վարեն շատ հանգիստ, սառնասիրտ։ «Երբեք բանակռվի մեջ չմտնեք ընդդիմախոսների հետ, կուզեն հայհոյեն, թող իրենց ցույց տան, ձեր փաստարկներն այնքան հզոր են, որ բացարձակապես կարիք չունեք բանակռիվների մեջ մտնել՝ էլ քաչալ շուն ․․․ դա իրենցն է, դա թողեք իրենց»,– ասաց նա և նշեց, որ պետք չէ հավասարակշռությունը կորցնել։
