Լիբանանահայ Վիգեն Էօլչեքճեանին, ում ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մոտ, տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին Asbarez.com կայքին հայտնել են Էօլչեքճեանի 18-ամյա դուստրը և մայրը:
Ընտանիքի անդամները հայտնում են, որ Վիգեն Էօլչեքճեանը զանգահարել է Ադրբեջանի հիվանդանոցից, որտեղ նրան տեղափոխել են Կարմիր խաչի աշխատակիցները: Նա ընտանիքին ասել է, որ ունի մեջքի ցավեր:
Ինչպես հարազատներն են նշում՝ խոսակցությունը շատ կարճ է տևել, և նրան չեն կարողացել շատ հարցեր տալ:
Հիշեցնենք, որ Վիգեն Էօլչեքճեանը գերեվարվել է Շուշիի մոտ՝ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ 2020 թ. նոյեմբերի 10-ին Մարալ Նաջարյանի հետ Վիգենը մեկնել է Արցախ, որպեսզի իր իրերը վերցնի Շուշիի հյուրանոցից: Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։
Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021-ի մարտին, Վիգեն Էօլչեքճեանը դեռ գերության մեջ է, Ադրբեջանը նրա դեմ սկսել է քրեական գործընթաց՝ ներկայացնելով նրան որպես վարձկան:
