ԱՄՆ-ն Թաիլանդին կվերդարձնի գողացված 1000-ամյա ավազաքարե փորագրությունները (լուսանկարներ)

Վիետնամական պատերազմի ընթացքում Թաիլանդից գողացված և մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ տեղափոխված երկու հնագույն փորագրությունները վերադարձվում են, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ ավազաքարերի վրա արված փորագրություններն ի սկզբանե եղել են տաճարների միջնապատեր, որոնք թվագրվում են 10-րդ դարին և արտահայտում են հինդուական Ինդրա և Յամա աստվածությունները։

Տարիներ շարունակ փորագրությունները ցուցադրվել են Սան Ֆրանցիսկոյի Ասիայի արվեստի թանգարանում, իսկ այժմ հանգրվանելու են Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոգում գտնվող ազգային թանգարանում։

Հայտնի է, որ 1965-ից 1966 թվականներին Թաիլանդին պատկանող բազմաթիվ արտեֆակտներ են կորել։

Շաբաթվա սկզբին Լոս Անջելեսում ԱՄՆ-ի իշխանությունների և Թաիլանդի Թագավորության հյուպատոսության միջև կայացել է հանձնման արարողություն։

«Թաիլանդի կառավարության և ժողովրդի համար այս հնությունների վերադարձը մեծ կարևորություն ունի պատմության, հնագիտության և մշակույթի տեսանկյունից։ Ենթադրվում է, որ երկու սրբազան միջնապատերը ապօրինի կերպով արտահանվել են Թաիլանդից 1960-ականներին՝ Վիետնամի պատերազմի ընթացքում», — նշել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։

A hand carved lintelAn official at the hand-over ceremony