Ռուսաստանը թույլ չի տվել Austrian Airlines ավիաընկերության չվերթն իրականացնել՝ շրջանցելով Բելառուսի օդային տարածքը

Ռուսական կողմն ավստրիական Austrian Airlines ավիաընկերության՝ Վիեննա-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավին չի թույլատրել շաժվել այլ երթուղով, որը չի անցնում Բելառուսի օդային տարածքով:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ավստրիական ավիափոխադրողի ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ Austrian Airlines-ը դադարեցրել է չվերթները Բելառուսի օդային տարածքով՝ սպասելով ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության հետագա ծանուցմանը:

«Այդ իսկ պատճառով պետք է վերափոխել Վիեննայից Մոսկվա թռչող չվերթի երթուղին: Երթուղու փոփոխությունը պետք է հաստատվեր իշխանությունների կողմից: Ռուսական իշխանությունները մեզ նման թույլտվություն չեն տվել: Արդյունքում ավիաընկերությունը ստիպված է եղել չեղարկել այսօրվա չվերթը»,- ասվում է ավստրիական ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Մայիսի 25-ին Austrian Airlines-ը տեղեկացրել էր, որ դադարեցնում է թռիչքները Բելառուսի օդային տարածքով և շրջանցելու է այն՝ պայմանավորված ԵՄ որոշումներով, որոնք կայացվել են մայիսի 23-ին Ryanair ավիաընկերության օդանավի՝ Մինսկում կատարած արտակարգ վայրէջից պատճառով:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info