Թուրքիայի կայսերական հավակնությունները կրկին աճում են, Ադրբեջանը դառնում է նրա վասալը, իսկ դա դուր չի գալիս ռուսական էլիտաներին․ ռուսաստանցի պատմաբան

Ռուսաստանի Հումանիտար գիտությունների պետական ակադեմիայի ռեկտոր, պատմաբան Դենիս Ֆոմին-Նիլովի խոսքով՝ աշխարհում ստեղծված  աշխարհաքաղաքական ապակայունացումն ամենաբացասական ձևով է ազդեցություն ունենում Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի վրա:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, մասնավորապես ադրբեջանական զորքերի՝ ՀՀ  տարածք ներխուժմանն ու տեղակայմանը։

«Ժամանակակից պայմաններում անհրաժեշտ է ունենալ ուժեղ բանակ, հզոր տնտեսություն և բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ, և այդ ամենը պահանջում է հսկայական ռեսուրսներ և բոլոր պետական ինստիտուտների պլանային զարգացում: Եթե երկիրը չունի անհրաժեշտ ներուժ, ապա չափազանց կարևոր է, որ այն ունենա ուժեղ դաշնակիցներ` փոխադարձ պարտավորությունների ամենալայն շրջանակով»,- ասաց նա՝ նշելով, որ միայն այդ դեպքում կարելի է հույս դնել սեփական մշակութային և պատմական համայնքի և ազգային պետականության պահպանման վրա:

Հիմա, ըստ նրա, հետ նայելով անցած տարիներին, նկատելի է դառնում, որ ՀՀ-ում քաղաքական և մտավոր վերնախավերը թերագնահատել են իրենց հարևաններին և շատ ռազմավարական սխալներ թույլ տվել:

«Ակնհայտ է, որ Թուրքիան բոլորի համար հանդիսանում է կոլեկտիվ Արևմուտքի, և ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի կայսերական հավակնությունները կրկին աճում են, իսկ Ադրբեջանը գնալով դառնում է նրա վասալը: Իրադարձությունների նման զարգացումը կտրականապես դուր չի գալիս ոչ միայն ռուսական էլիտաներին, այլև հասարակ մարդկանց»,- ասաց նա։
ՀեղինակՀռիփսիմե Հովհաննիսյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info