«Հայոց Արծիվներ»-ը ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում կկամավորագրվեն ռուսական բանակ

Eadaily.com-ը գրում է, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, որը մասնակցել է Ղարաբաղի վերջին պատերազմին, պատրաստ է «պայքարել ՆԱՏՕ-ի դեմ` որպես բարեկամ Ռուսաստանի զինված ուժերի մաս և պաշտպանել Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը»: Այս մասին հայտարարել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» համանուն կամավորական ջոկատի հրամանատար, Հայաստանի զինված ուժերի գնդապետ Խաչիկ Ասրյանը:

«Անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող միացյալ արևմուտքի հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող մարդակործան ՆԱՏՕ-ն Խորհրդային պետություններից մեկի՝ Ուկրաինայի միջոցով փորձում կամ նախապատրաստվում է հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ սկսել պատերազմական գործողություններ: Դա մատուցվում է «Ուկրաինան պաշտպանելու» սոուսի ներքո, որը փաստորեն ոչնչացվում է նույն կոլեկտիվ Արեւմուտքի կողմից»,-ասված է հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը նախազգուշացնում է, որ ՆԱՏՕ-ի (ինչը նշանակում է Թուրքիայի), կամ Ուկրաինայի, կամ այդ երկուսի համատեղ ուժերով Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում, իր գլխավորած ջոկատը, որը մասնակցել է 2020 թվականի 44-օրյա ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին գնդապետ Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ, մասնակցելու է ռազմական գործողություններին Ռուսաստանի զինված ուժերի կազմում և պաշտպանելու է Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, որը Արցախի և Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր EADaily- ն, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը անցյալ ամիս Ղրիմի բնակիչներին շնորհավորել էր թերակղզու Ռուսաստանին վերամիավորվելու 7-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթել էր, որ ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կատարելագործվեն: