Տեսանյութ. «Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո

Ռուս — ուկրաինական արշալույսները, կարծես թե, խաղաղ չեն. օդում պատերազմի վտանգ է թևածում: ԱՄՆ-ը իր քաղաքացիներին արդեն հորդորել է զերծ մնալ Ղրիմ, Դոնբաս և Լուգանսկ այցելություններ կատարել: Սովորաբար վերահաս պատերազմներից երկու — երեք օր առաջ ամերիկյան կառավարությունը նման հայտարարություններ է տարածում:
 
Սակայն, դեռևս նախքան այս հայտարարությունը, Հայաստանում հետաքրքիր հայտարարություններ հնչեցին, որոնք չափազանց բուռն արձագանք ստացան: Մասնավորապես. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի դեմ պատերազմական գործողությունների դեպքում ՌԴ զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:
 
Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ հայտարարությունը ոչ միայն տարաբնույթ կրքեր է բորբոքել՝ առաջացնելով բուռն քննարկումներ թե ռուսամետ, թե հակառուսական ճամբարներում, այլև կոնկրետ գործողությունների առիթ է հանդիսացել: Մասնավորապես, Orer.am-ի տեղեկություններով, բազմաթիվ քաղաքացիներ կապվել են «Հայոց Արծիվներ»-ի գրասենյակ և պատրաստակամություն հայտնել միանալու սպասվելիք զորախմբին:
 
Ինչ խոսք, հետաքրքիր զարգացումներ են` տարածաշրջանային դաժան պատերազմի սպառնալիքի ֆոնին: