Տեղի է ունեցել մահացու ճանապարհային պատահար՝ 133 ավտոմեքենայի մասնակցությամբ. առնվազն 6 մարդ զոհվել է

Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքում Interstate 35W ավտոմայրուղու վրա տեղի է ունեցել մահացու խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար, հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ ճանապարհային պատահարի պատճառը մերկասառույցն էր: Իշխանությունները բնակիչներին կոչ են արել տանը մնալ:

Դալասի FOX 4 հեռուստաալիքը հայտնում է, որ 133 ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ: Մոտ 60 մարդ հոսպիտալացվել է մերձակա հիվանդանոցներում:

«Տեսարանը, որն այսօր տեսանք, հավանաբար, նման չէ երբեւէ մեր տեսած ոչ մի բանի, եւ մենք աղոթում ենք Աստծուն, որ այլեւս երբեք նման բան չտեսնենք»,- ասել է Ֆորտ Ուեյթի ոստիկանության պետ Նեյլ Նոաքսը:

Ճանապարհի վրա առաջին վթարը տեղի է ունեցել հինգշաբթի մոտ 06:15-ին, ասել է Նոաքսը՝ հավելելով, որ պատահարի պատճառը մերկասառույցն էր: Ճանապարհային պատահարը ճանապարհի երկայնքով ձգվել է գրեթե մեկ մղոն, հայտնում է FOX 4-ը:

Ճանապարհը, «հավանաբար, օպերատորը պատշաճ կերպով չէր մշակել», ինչն էլ դարձել է վթարի պատճառը, Fox News-ին հայտնել է Տեխաս նահանգի սենատոր Բեւերլի Փաուելը: