Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում։ Այս մասին տեղեկանում ենք Mediaport տելեգրամ ալիքից։

«Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Հայաստանի կողմից 30 տարվա օկուպացիայի արդյունքում» խախտվել են իր հազարավոր քաղաքացիների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, հավատի և բազմաթիվ այլ իրավունքներ։

Դիմումում ներառված է նաև Ադրբեջանի պահանջներն ուղղված հայկական կողմին, որոնք վերաբերում են սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների ողջ ընթացքին։
Ադրբեջանը չի շրջանցել նաև 2020 թվականի հուլիսյան սահմանային դեպքերը՝ այս մասով իր պահանջները ևս ներառելով սույն դիմումի մեջ։

Ադրբեջանի դիմումում ընդգծվում է նաև, որ Հայաստանը հսկայական քանակությամբ «անօրինական ականապատումներ է արել, հողին է հավասարեցրել ադրբեջանական քաղաքներն ու գյուղերն, ինչպես նաև անօրինական զինված միավորումներ է տեղակայել»։

ՄԻԵԴ ներկայացրած դիմումով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները թույլ տված խախտումները վերացնելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանից 50 մլրդ դոլար փոխհատուցում պահանջել։ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչել նաև Զանգեզուրը՝ որպես փոխհատուցում տալու մասին»,-գրում է ալիքը։