«Աթլետիկոն» նոր պայմանագիր կառաջարկի Դիեգո Սիմեոնեին

Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, հաղորդում է AS-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2024 թվականը։ 50-ամյա արգենտինացի մասնագետի գործող պայմանագիրը կավարտվի 2022թ․ ամռանը։

Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011 թվականից։ Նրա ղեկավարությամբ մադրիդյան թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն (2013/2014), գավաթակիր (2012/2013) եւ սուպերգավաթակիր (2014), Եվրոպայի լիգայի կրկնակի հաղթող (2011/2012, 2017/2018), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2012, 2018)։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 16 խաղում «Աթլետիկոն» վաստակել է 41 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։