Թուրքիայի փոխնախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը շաբաթ օրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը:

Նրա խոսքով՝ պատվաստման ընթացակարգը տեղի է ունեցել Անկարայի քաղաքային հիվանդանոցում:

Թուրքիան հունվարի 14-ին սկսել է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների առաջին փուլը: Ըստ CNN Turk հեռուստաալիքի, այս փուլում պատվաստում կարվի բուժաշխատողներին եւ 65 տարեկանից բարձր անձանց: Ծրագրին մասնակցող բոլոր հիվանդանոցները մինչ օրս ստացել են պատվաստանյութերի չափաբաժինները: Վերջին երեք օրվա ընթացքում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 669 000 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Պատվաստանյութը, որը մշակվել է չինական Sinovac Biotech ընկերության կողմից, նոր կորոնավիրուսի թուլացած տարբերակն է: Պատվաստման անվտանգությունը ստուգվել է մկների եւ կապիկների նախակլինիկական փորձարկումներում: Կամավորների վրա կլինիկական փորձարկումները, ինչպես հաղորդվում է ՉԺՀ-ում, սկսվել են նախորդ տարվա ապրիլի կեսերին եւ մայիսի սկզբին: Այս փորձարկումներում, որոնց ընթացքում գիտնականները միաժամանակ գնահատել են պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը, ներգրավել են ավելի քան 700 առողջ կամավորների, ովքեր համաձայնել են պատվաստանյութի երկու չափաբաժին ընդունել երկու կամ չորս շաբաթվա տարբերությամբ: