Այսօր մտավորականների հետ հանդիպման ժամանակ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, խոսելով հների ու նորերի մասին, հայտարարեց, որ այդ կատեգորիան իր համար հասկանալի չէ:
Մանուկյանը հիշեցրեց, որ Ղարաբաղյան շարժման իշխանության գալուց հետո հները՝ կոմունիստները, շարունակեցին աշխատել. «Բոլոր այն մասնագետները, որոնք պետքական էին ու օգտակար Հայաստանին, աշխատում էին:
Իմ կառավարությունում նախկինից 6 մարդ է եղել: Նույնը լինելու է նաև հիմա: Կյանքը շարունակվում է, սակայն հիմա մտնելու ենք նոր փուլ:
Անցումային շրջանից հետո սկսվելու է նոր փուլ, դրա մեջ կտեղավորվեն հներ, նորեր, նրանք, ովքեր կկարողանան իրենց հայրենիքին օգուտ բերել, լինելու են նոր կառավարությունում»:
Մանուկյանը նաև կարևորեց այն երեք սյուները, որոնց վրա պետք է հենված լինի պետությունը՝ ազգայինը, ազատության գաղափարն ու համաշխարհային համակարգին ինտեգրվելը՝ առանց ինքնությունը կորցնելու»,-ասաց նա։
Ընդդիմության թեկնածուն իր խոսքի վերջում հայտարարեց, որ հիմա Հայաստանն ունի բոլոր հնարավորությունը ոտքի կանգնելու, լինելու ավելի ազդեցիկ, քան մինչ այս կար, ուղղակի դրա համար պետք է կամք, ցանկություն, երազանք ու աշխատանք:

