Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի վարչապետ կոչվել. նա զավթել է վարչապետի պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանը և Արցախը. Արթուր Վանեցյան

Այս ծանր վիճակում մեզ պետք են պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ, որ կարողանան երկիրն ու հայերին հանել այս ծանր և ամոթալի վիճակից: Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բոլոր ուղղություններով արդեն իսկ ձախողել են:

Դիտարկմանը, թե վարչապետի հայտարարություններից պարզ է դառնում, որ նա մտադիր չէ հրաժարական տալ, և հարցին՝ այդ դեպքում որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը, Վանեցյանն արձագանքեց.

«Նախ՝ եկեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չկոչենք, որովհետև նա այսօր բարոյական իրավունք չունի կոչվել վարչապետ: Նա մարդ է, որը զավթել է վարչապետի պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում Հայաստանը և Արցախը: Ընդդիմությունն իր գործն անում է, և հանրային պահանջի բարձրացման աստիճանի հետ վարչապետը, որն այսօր փորձում է իր բոլոր քայլերով պահել իշխանությունը, անպայման հրաժարական կտա»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ Նիկոլ Փաշինայնի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերթական անգամ ՀՔԾ էր հրավիրվել: Վերջին օրերին Արթուր Վանեցյանը մի քանի անգամ հրավիրվել է իրավապահ մարմիններ, խուզարկություն է իրականցվել նրա ծնողների բնակարանում։