Միջազգային կառույցները պետք է արձանագրեն ողջ եղելությունը՝ ֆիզիկապես լինելով Արցախում․ Արման Թաթոյան

Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետեւանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետեւանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:

Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որեւէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որեւէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք։

Պետք է ապացուցել, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, իր երեխային խաղաղ երկնքի տակ դաստիարակելու մոր իրավունքը կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որեւէ մեկը չի վերացրել. որեւէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա եւ վերջ»։