Արդեն երկու օր է անուն չենք կարողանում ընտել. Գոռ Հակոբյանը՝ երեխայի անվան բարդ ընտրության եւ կնոջ հետ վիճելու մասին

Սեպտեմբերի 24-ի՝ գիշերը լույս աշխարհ է եկել դերասան Գոռ Հակոբյանի եւ կնոջ՝ Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան: Երեխայի քաշը՝ 3 կգ 300 գրամ, հասակը 51 սմ.:  Իսկ, թե ինչու մինչ այսօր Գոռն ու Հրանուշը երեխայի անվան շուրջ համաձանության չեն գալիս ArmLur.am-ը փորձել է պարզել Գոռ Հակոբյանից:

«Երեխան արդեն երկու օրական է, բայց դեռ անուն չենք որոշել, որքան էլ դա տարօրինակ կհնչի: Երեկ պետք է գնայի ծննդյան վկայականի հարցերը լուծելու, բայց քանի որ անուն չունենք, չենք կողմնորոշվում, չգնացի: Այն, որ ասում էինք, երեխան կծնվի մի հատ կնայենք իրեն անունը կընտրենք, այդպես չեղավ, հիմա երբ նայում ենք իրեն ոչ մի համապատասխան անուն չենք գտնում, ինչ մտածում ենք ոչինչ չի սազում իրեն, համենայնդեպս այն անուններից որոնք մենք ցանկություն ունեինք դնելու: Ես առաջարկում էի նրան անվանել Նարեկ կամ Էրիկ, իսկ կինս նախընտրում է ավելի շատ եվրոպական ոճի անուններ, իսկ  նման անուններ ես չեմ ուզում, քանի որ կարծում եմ, որ մեր հայկական անուններն ամենալավն են»,-նշում է Գոռը:

Դերասանը մեզ հետ զրույցում կատակով պատմում է, որ երեխաների անվան ընտրությունն իրենց ընտանիքում միշտ ուղեկցվել է վեճերով. «Մեզ մոտ միշտ այդպես է եղել: Առաջին որդուս անունը՝ Վարդան է, որը դրել ենք ի պատիվ եղբորս հիշատակին, որը չի էլ քննարկվել: Երկրորդ որդուս՝ Ֆելիքսի անունը եւս մինչև վերջ չէինք կարողանում որոշել: Զագսի դիմաց կանգնած մեկուկես ժամ վիճել ենք, միայն վերջին պահին ասացի՝ մի խոսքով, Ֆելիքս եմ դնում ու գնացի տվյալները գրանցելու»:

Մեր զրուցակցի կարծիքով ՝  ընտանիքն ինչքան կարող է  ապահովվել երեխայի բարեկեցիք ապագան, այնքան պետք է երեխա ունենա, եւ ընդգծում է, որ շատ հնարավոր է  ապագայում  ընտանիքը համալրվի եւս մեկ երեխայով:

«Իրականում շատ ուրախ եմ, որ երեք տղա երեխա ունեմ, աղջիկ դեռ չունեմ, դրա բերկրանքը չգիտեմ, չեմ հասկանում, որ ասում են, թե աղջկանից լավ բան չկա, դա դեռ ես չեմ հասկանում, բայց ինձ թվում է, որ եթե հետագայում մի հատ էլ աղջիկ ունենամ, ամեն ինչ կընկնի իր տեղը: Իրականում տղա երեխայի դաստիարակությունը շատ պատասխանատու գործ է,  ես արդեն երկու անգամ դրա միջով անցել եմ, եւ հիմա էլ շարունակում եմ անցնել: Տղաները կրկնօրինակում են հորը, եւ այս հարցում ավելի շատ կարեւոր է հոր զգոնությունը: Ես ինձ նրանց մոտ պահում եմ այնպես, որ հանկարծ ավել բան ինձ թույլ չտամ, որպեսզի հետագայում նրանք դա չյուրացնեն եւ չկրկնօրինակեն: Ես իրականում խիստ հայր եմ, եւ սիրում եմ, երբ  նրանց նայում եմ, նրանք մի հայացքից ինձ հասկանում են, որ սխալ են արել: Ես երբեք նրաց չեմ խփում, չեմ գոռում»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք նա անակնկալներ մատուցելու է կնոջն ու որդուն դուրս գրման ժամանակ, Գոռը միանգամից ասաց, որ ճոխ ընդունելություն չի պլանավորել, ամեն ինչ լինելու է համեստ, ոչ ավանդական զուռնադհոլով:

«Անկեղծ ասած մի քիչ հետ ենք վարժվել, այն առումով, որ հիմա երբ երեխա է ծնվում տարբեր միջոցառումներ են  կազմակերպում: Կինս եւ երեխաս դուրս կգրվեն կիրակի օրը, կհավաքվենք ընտանիքով, որեւէ հատուկ բան չեմ պլանավորել, հիվանդանոցի բակում ճոխ ընդունելություն չենք պլանավորել, քանի որ այդ հարցերում ես շատ զգոն եմ, եւ ճիշտ չեմ գտնում հիվանդանոցի բակում զուռնա-դհոլը, նախընտրում եմ ավելի համեստի մեջ ամեն ինչը, եւ կինս նույնպես այդ հարցերում ինձ հետ համակարծիք է»,-եզրափակում է դերասան Գոռ Հակոբյանը:

Լիդա Եղիազարյան