Ծնվել է Գոռ Հակոբյանի երրորդ որդին. ծնողները դեռ «վիճում» են անվան ընտրության հարցում

Երեկ գիշերը լույս աշխարհ է եկել դերասան Գոռ Հակոբյանի և կնոջ՝ Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան: Զույգը երրորդ անգամ որդի է ունեցել: Թե ինչ անուն կտան փոքրիկին, Գոռն ու Հրանուշը երկար ժամանակ համաձայնության չէին գալիս: Այս պահին էլ դեռ որոշում չունեն:

Tert.am Life-ի հետ զրույցում Գոռն ասաց, որ թեև երեխան արդեն ծնվել է, իրենք այդպես էլ չեն կողմնորոշվել, թե ինչ անուն են տալու փոքրիկին, դեռ վիճում են՝ յուրաքանչյուրն իր տարբերակներն ունի:

«Այսօր պետք է փորձենք կողմնորոշվել: Մեզ մոտ միշտ այդպես է: Միայն Վարդանի անունն էր հստակ՝ եղբորս հիշատակին: Ֆելիքսի անունը ևս մինչև վերջ չէինք կարողանում որոշել: Զագսի դիմաց կանգնած մեկուկես ժամ վիճել ենք Հրուշի հետ, վերջին պահին ասացի՝ մի խոսքով, Ֆելիքս եմ դնում ու գնացի տվյալները գրանցելու»,- այս պատմությունը միշտ ժպիտով հիշում է Գոռը:

Հայրիկն արդեն հանդիպել է որդուն: «Անբացատրելի զգացողություն է, երբ առաջին անգամ ձեռքդ տալիս են քո երեխային: Հույզերդ, ամեն ինչ խառնվում են իրար: Դժվար է պատմել: Արդեն ստաժավոր հայրիկ եմ, բայց մի քիչ անսովոր էր կրկին այս իրավիճակը: Իհարկե, անսովորությունը միայն առաջին պահին էր, քանի որ հետ էինք վարժվել, բայց արագ ադապտացանք, հիշեցինք անցյալը»:

Գոռը նշեց, որ ինքը որևէ մեկին չի նմանացրել երեխային, սակայն ովքեր տեսել են, ասում են, որ իրեն է նման: «Սիրուն, լուռ, ոչ լաչառ երեխա է»,- ծիծաղելով ասաց նա:

Զույգի ավագ որդիները՝ Վարդանն ու Ֆելիքսը, դեռ միայն նկարով են տեսել տան նոր անդամին, քանի որ կլինիկայում խիստ հսկողություն է, ներս մտնել չեն կարող: Անհամբերությամբ սպասում են մայրիկի ու եղբոր տուն գալուն:

Նշենք, որ ի սկզբանե Գոռը շատ էր ուզում աղջիկ զավակ ունենալ, սակայն ասում է՝ հետո հասկացավ, որ 3 որդի ունենալը մեծ հպարտութուն է, իսկ աղջիկ երեխա դեռ կունենան: