Նոր սկանդալ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև

Դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև սկանդալը նոր զարգացումներ է ստացել: Երեկ Տաթևը Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց, որ հարցը տեղափոխել է իրավական հարթակ, արդեն դատարան է դիմել:
«Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ դատական նիստից: Հնչած անաստված և գարշելի նախադասությունը «իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում» ևս պիտի գտնի հիմնավորում, ինչին սպասում եմ սրտատրոփ: Ցեխ նետելուց հիշեք` Ձեր ձեռքերին է այն մնում,- ասաց Տաթևը, ապա հավելեց,- Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երևակայությունից: Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ: Կհանդիպենք դատարանում և, հուսանք, Օրդուխանյանը (Դիանա Տոռեսի իրական ազգանունն է, խմբ.) կներկայանա նիստերին»:
Իր հերթին Դիանան այսօր Tert.am Life–ին ասել է. «Չեմ պատրաստվում դատարան գնալ, անհրաժեշտության դեպքում իմ փոխարեն կգնա իրավապաշտպանը` որպես լիազորված անձ: Եթե առանց ինձ անհնար լինի, ես կգնամ: Ոչ մի նյութական վնաս չեմ վճարելու, ինքը պետք է վճարի, իմ պատվի մասին է խոսել, ինքն է սկսել: Ես անպատի՞վ եմ, ուրեմն, ես եմ պատիվ պահանջում: Իմ պատվին ի՞նչ է եղել, որ իմ պատվից է խոսում: Ինչ կա, ես ասել եմ, իմ ասածներից հետ չեմ կանգնում: Ապացուցելու ոչինչ չունեմ, դա ճշմարտություն է, ինքն էլ լավ գիտի այդ մասին: Պարզ է, որ պետք է իրեն անմեղի տեղ դնի` մարդկանց աչքից չընկնելու համար: Ամենամեծ ցինիկն ինքն է, թող հիշի իր արածներն ու ապրած կյանքը: Ինչ գրել եմ, հաստատ ճիշտ է, ինքն էլ լավ գիտի այդ մասին: Անուններ նշել չեմ կարող, ինքը լավ գիտի, բայց ինչ կա, ինքն է անձամբ եկել մեր տուն ու ինձ պատմել, թող լավ հիշի: Սպասում էի նման արձագանքի, որովհետև նրա նման մարդիկ հարցերն այլ կերպ պարզել չեն կարող, վնաս հատուցելու միջոցներով են պարզում: Նա ցիտատների տակ է մնացել, ցիտատներն անգիր է արել, իբրև շատ գրագետ կին է»: