Ոչ մեկին չեմ ցանկանում, որ այսպիսի ցավ ապրի. մահացած ծննդկանի ամուսին

Անզգուշության, անփութության, սխալի պատճառով, ոչ մեկին չեմ ցանկանում, որ այսպիսի ցավ ապրի:Սթափվեք, ժողովուրդ ջան: Չպիտի բժիշկը հոգնած լինի, որ այսպիսի սխալներ թույլ տա:  Մահացած ծննդկան Սեդա Ասատրյանի ամուսինը’ Գրիգոր Աբրահամյանը, որը եկել էր դստերը տուն տանելու, այսպես նկարագրեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր դստեր ծնունդն ընդունած բժշկի կատարած աշխատանքը:   Ընտանիքի փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ փաստացի ունեն երկու գործողություն, որին ակնկալում են իրավական գնահատական: «Առաջին՝ 2020 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսների ընթացքում հստակ տեղյակ լինելով, որ, անձը հակաբիոտիկների նկատմամբ ունի ալերգիա, համապատասխան հակաբիոտիկ չորոշելը: Երկրորդ՝ համապատասխան իրավիճակում հակաբիոտիկի ներարկում, որն առաջացրել է ռեակցիա»,- ասաց Նարեկ Ալոյանը:   Ծնունդն ընդունած բժշկի փոխարեն լրագրողների հետ զրուցեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ռուսուդան Վարդանյանը’պարզաբանելով կատարվածը: «Անաֆիլակտիկ վիճակ, անաֆիլակտիկ շոկ կարող է տեղի ունենալ ցանկացած դեպքում, ինչը պրակտիկորեն կանխարգելվող չի»,- ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրենը:   Հիշեցնենք’ ծննդկանի մահվան գործով  Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ կետով, այն է’ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: