Խաշթառակում թոռներին ծեծելու գործով մեղադրյալը շուտով կտեղափոխվի հոգեբուժարան.

Խաշթառակում թոռներին ծեծելու գործով 57-ամյա մեղադրյալը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց. նշանակվել են փորձաքննություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի պաշտպան Արթուր Մելիքբեկյանը։

Նա ասաց, որ իր պաշտպանյալը 2 օրից կտեղափոխվի հոգեբուժարան. «Դատարանի որոշմամբ կտեղափոխվի, որպեսզի որոշվի նրա մեղսունակության հարցը, պետք է փորձաքննություն իրականացվի»։

Պաշտպանը նշեց, որ գործով մեղադրյալը շարունակում է իրեն առաջադրված մեղադրանքը չընդունել։

Հիշեցնենք, որ 57-ամյա մեղադրյալը տեղափոխվել հիվանդանոց՝ թունավորման ախտորոշմամբ. նա մկնդեղ էր ընդունել։

Նշենք, որ ծեծի ենթարկված երեխաների մայրը դեպքից մի քանի օր հետո մահացել է։

Դաժան ծեծի հետեւանքով հիվանդանոցում մահացել է նաեւ 6-ամյա երեխան։

Այս պահին գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն 57-ամյա պապը եւ իր դուստրը։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով եւ փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ եւ անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 14-ին, 16-ին նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաեւ՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով եւ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է:

Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։